ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, հետազոտական ու գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ԳԱՏՕ ծրագիրը հունիսի 19-ին ներկայացրեց Արարատյան դաշտի հողածածկի/ հողօգտագործման դասակարգման արդյունքները: ԳԱՏՕ ծրագրի նպատակներից մեկը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների բարելավումն է՝ տվյալների հավաքման, մշակման ու պահպանման գործող մեխանիզմների կատարելագործման միջոցով:
ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Սիմոն Պապյանը շնորհակալություն հայտնեց
ԱՄՆ ՄԶԳ-ին Հայաստանի ջրային ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների համար: Ընդունելով, որ ԳԱՏՕ ծրագրի թիմն իրականացրել է բարդ վերլուծություն, նա ընդգծեց, որ տարածքի բնապահպանական խնդիրները պետք է դիտարկվեն Արարատյան դաշտի հողօգտագործման և ջրօգտագործման խնդիրների փոխկապվածության համատեքստում: Արարատյան դաշտի հողածածկի/հողօգտագործման դասակարգումը ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվել էր՝ օգտագործելով Sentinel-2 բարձր ճշգրտության արբանյակային պատկերները և Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալության CORINE (Coordinated Information on the Environment) համակարգը: Արբանյակային պատկերների վերամշակման արդյունքում հատկորոշվել էին խնդրահարույց տարածքները, որտեղ լրացուցիչ ճշգրտման նպատակով GPS սարքերով իրականացվել էին տեղազննման աշխատանքներ: Որպե
ս վերջնական արդյունք՝ ԳԱՏՕ ծրագիրը պատրաստել էր Արարատյան դաշտի հողածածկի/հողօգտագործման քարտեզ, որը, առկա տվյալների բազաների հետ միասին, տրամադրվեց շահագրգիռ կազմակերպություններին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ Հանրապետական երկրաբանական ֆոնդը նույնպես ունի զգալի քանակով տվյալներ և նյութեր: ԳԱՏՕ ծրագիրը և նախարարությունների մասնագետները թերևս պետք է տեխնիկական քննարկումներ ունենան՝ ստուգելու երկու տվյալների շարքերի համապատասխանությունը:
Հողածածկի/հողօգտագործման տվյալների կիրառմամբ հնարավոր կլինի ստանալ տեղումներ-հոսք կորերը և հաշվել Արարատյան արտեզյան ավազանի ջրային և ջրատնտեսական հաշվեկշիռները: Նշված վերլուծական գործիքների կիրառման հնարավորությունները բազմազան են՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից, հիդրոլոգիայից մինչև ռեսուրսների կառավարում և գյուղատնտեսություն՝ աջակցելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ իրազեկված որոշումների կայացմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն արժեքավորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև երկարատև գործընկերությունը: Խոսելով տվյալների հավաքման ժամանակակից մեթոդների մասին՝ պրն. Հարությունյանն ընդգծեց Հայաստանի համապարփակ էլեկտրոնային քարտեզ ունենալու կարևորությունը, որտեղ համախմբված կլինեն բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և առնչվող այլ ոլորտների վերաբերյալ զանազան տվյալները: Այնուհետև նշեց, որ մոտ ապագայում դա կարող է դառնալ ԱՄՆ ՄԶԳ-ի և
ՀՀ կառավարության հերթական կարևոր ծրագրերից մեկը: