Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովում

Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ընդունել է ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի ներկայացուցիչներին։ ԳԱՏՕ ծրագրի մասնագետները ներկայացրեցին ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների արդիականացման աշխատանքները, ջրային ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման նախաձեռնությունները և Արարատյան դաշտի տարածքում իրականացվող ջրի և էներգիայի խնայողության պիլոտային ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ջրային օրենսդրության բարելավման ոլորտում համագործակցության ընդհանուր եզրերը։

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ). խողովակների, կցամասերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում Խաչփար գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում

ՀՆՀ-ի համարը՝ 190220-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման և տեղադրման, խողովակաշարի մոնտաժման, ինչպես նաև փականային արկղի և ջրընդունիչի արկղի շինարարական աշխատանքների իրականացման համար՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում:

Հայտերի ներկայացման ուղեցույցն ու ընթացակարգը կից փաստաթղթում․

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ. մարտի 4-ը` չորեքշաբթի օրը, Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

ԳԱՏՕ ծրագիրը ներկայացրեց գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման միջանկյալ արդյունքները

Փետրվարի 5-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի կենտրոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի փորձագետները ներկայացրեցին ՀՀ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և կիրարկման մեխանիզմների մշակման միջանկյալ արդյունքները, հետագա քայլերն ու վերջնանպատակը։ Մեթոդի մշակման աշխատանքներն իրականացվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով՝ Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ծրագրի շրջանակներում։

Մեթոդի մշակման նպատակով ԳԱՏՕ ծրագրի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներառվեցին ոլորտի նեղ մասնագետներ՝ հիդրոմորֆոլոգ, ջրի որակի մասնագետ և հիդրոկենսաբան, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի կողմից մշակվել են գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի հիդրոքիմիական,  հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, ինչպես նաև հաշվի է առնվել ոլոտում առկա միջազգային փորձը։ Նմուշառումներն իրականացվել են Քասախ գետից, որի ընտրությունը պայմանավորված է եղել այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք էն՝ գետային ցանցի մորֆոլոգիան, հիդրոլոգիական սնման ռեժիմը, գետերի ջրի որակի վրա ազդող մարդածին և բնական ճնշումների առկայությունը, մոնիթորինգային բազմամյա տվյալների առկայությունը և այլն։

Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, օգտագործողի ձեռնարկը և մեթոդի կիրարկումն ապահովող կառավարության որոշման նախագիծը կներկայացվի կառավարությանը ս․թ․ հուլիսին։ Անհրաժեշտության դեպքում ԳԱՏՕ ծրագիրը կիրականացնի մասնագետների ուսուցում։

No Images found.

Հայտ ներկայացնելու հրավեր. ինժեներական նախագծի պատրաստում Խաչփար գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի համար

(ՀՆՀ) # 131219-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արարատի մարզի Խաչփար գյուղի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի շրջանակում ինժեներական նախագծի, ծավալաթերթի և ծախսերի նախահաշվի պատրաստման համար:

Հայտերի ներկայացման ուղեցույցը և ընթացակարգը կից փաստաթղթում՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 27-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00:

ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԽԱՉՓԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը սկսեց ոռոգման նոր ծրագիր Խաչփար համայնքում։

Ծրագրի նպատակն է բարելավել Խաչփար համայնքի ոռոգման արդյունավետությունը, որի համար առաջարկվում են հետևյալ քայլերը․

  • Գոյություն ունեցող հողային ջրանցքի փոխարինում պոլիէթիլենային խողովակաշարով
  • Ջրընդունիչ, ջրթող հանգույցների և առնչվող ենթակառուցվածքների կառուցում՝ խողովակների մեջ կոշտ թափոնների ներթափանցումը կանխելու և ջրի հոսքը կառավարելու նպատակով։
  • Գյուղի ներքին ցանցի ջրանցքների վերանորոգում, ջրանցքների թողունակության մեծացում՝ 250 լ/վ և ավելի ջրաքանակ փոխադրելու համար

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի հետ համատեղ։

ՀՆՀ # 051119-01 . նախամրցութային հանդիպման պարզաբանումներ

Ս․թ․ նոյեմբերիի 13-ին ԳԱՏՕ ծրագրի գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում հետաքրքրված հայտատուների հետ՝   ՀՆՀ # 051119-01 — Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում։

Հանդիպման մասնակիցների հարցերի պարզաբանումներն ամփոփված են կից փաստաթղթում՝

պարզաբանումներ:

ԳԱՏՕ ծրագիրը վերսկսել է Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման բարելավման ծրագրի իրականացումը

Մոտ 8 ամսվա դադարից հետո վերսկսվել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքները։ Գյուղի նոր պոմպակայանը կառուցվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից 2019 թ․ մարտին։ Ծրագրի իրականացման ընթացքում կտեղադրվի մոտ 15 կմ․ խողովակաշար, 490 ջրաչափական հանգույց համակարգին միացված տնային տնտեսություններում, գյուղին կտրամադրվի ջրամատակարարման ծառայության հաշվառման նոր համակարգ։

Առաջարկվող լուծումները թույլ կտան 2000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում՝ նախկին 3 ժամվա փոխարեն։ Ցանցի բարելավման և հոսքակորուստների կրճատման արդյունքում ծրագրի շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 308000 մ3 ջուր։

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ). նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում

ՀՆՀ # 051119-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, ՊԷ խողովակների եռակցման և խողովակաշարի մոնտաժման աշխատանքների իրականացման համար՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի ոռոգման համակարգի օպտիմալացման ծրագրի շրջանակում:

Հայտի ամբողջական փաստաթուղթը կարելի է ներբեռնել այս հղումով՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2019թ.-ի նոյեմբերի 20-ը՝ չորեքշաբթի օրը, Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի տպագիր տարբերակը մեկ օրինակից ներկայացնի ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի գրասենյակ՝ ք. Երևան, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 204 սենյակ հասցեով:

Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված շահառուների հետ ֆորումին ներկայացվել է ջրային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը

2019 թվականի հոկտեմբերի 16-17-ը Աթենքում տեղի ունեցավ Կոկա-Կոլա ընկերության կողմից կազմակերպված շահառուների հետ ֆորումը, որին մասնակցեց նաև ԳԱՏՕ ծրագիրը։ ԱՄՆ ՄԶԳ ջրային պաշարների, էներեգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով խորհրդատու Մարինա Վարդանյանը ներկայացրեց Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանման գործողությունները, որոնք իրականացվել են  Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության հետ համագործակցությամբ։   

2016 թվականի հուլիսին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության (այժմ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակաուղղված է Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու պահպանմանը։ Նշված գործընկերության շրջանակում՝ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն աջակցեց ԳԱՏՕ ծրագրի մի քանի նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայանիստ գյուղում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրօգտագործման մոնիթորինգի առցանց ավտոմատացված համակարգի տեղադրմանը։ 

Աթենքում կայացած շահառուների հետ ֆորումը, որին մասնակցեցին 30 երկրների 35 շահառուներ, տեղի ունեցավ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության կողմից իրականացվող ջրի խնայողության ծրագրերի շրջանակում։ Այս տարվա քննարկումն ուներ երեք ուղղվածություն՝ կլիմայի փոփոխություն և ջրային ռեսուրսների կառավարում, ջրի սակավության խնդիրների լուծման շուրջ համագործակցություն, ջրի արդյունավետ օգտագործման վերաբերյալ հանրության իրազեկում։ Կոկա-Կոլա ընկերությունն նպաստում է նշված ուղղություններով իրականացվող գործողությունների իրականացմանը՝ Ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերում ներգրավված գործընկերների միջոցով։   

Արդյունավետ ջրամատակարարում Առատաշեն գյուղում․ ամփոփում ենք դրական արդյունքները

Մանկապարտեզի երեխաները լվանում են ձեռքերը ճաշից առաջ։

Ջուրը կյանքի համար ունի կարևորագույն նշանակություն։ Հայաստանի Արարատյան դաշտի գրեթե 30 համայնքներում կա խմելու և ոռոգման ջրի սակավության խնդիր։ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շնորհիվ Առատաշեն համայնքի 3200 բնակիչներն ապահովվեցին շուրջօրյա հուսալի ջրամատակարարմամբ։
ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ (Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության) ծրագիրը նշված համայնքում իրականացրեց ենթակառուցվածքների բարելավման լայնածավալ ծրագիր, մասնավորապես, նոր պոմպակայանի տեղադրում, 10 կմ մաշված խողովակների փոխարինում, ջրաչափական համակարգի ներդրում։ Ջուրն արտեզյան հորից հանվում է պոմպամղման եղանակով և մաքրվելուց հետո մատակարարվում բնակիչներին։ Այն ապահով է խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։

Մանկապարտեզի խողանոցում։

Այն հարցին, թե գոհ են արդյոք ծրագրի արդյունքներից, գյուղի մանկապարտեզի տնօրեն Նվարդ Խաչատրյանը պատասխանեց․ «Այնպիսի թեթևություն է, որ արդեն ունենք կայուն ջրամատակարարում։ Պատկերացրեք միայն, թե որքան ջուր է ամեն օր օգտագործվում մանկապարտեզում ճաշ եփելու, լվանալու և մաքրելու համար։ Նախկինում մեծ դույլերով ջուր էինք հավաքում՝ այդ կարիքները հոգալու համար։»

2019թ․-ի հունիսից Առատաշեն համայնքում բարեհաջող շահագործվում է ջրամատակարարման նոր համակարգը։ 2019թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսների արդյունքները ցույց տվեցին, որ համայնքի էլեկտրաէներգիայի և պոմպամղման ծախսը համարյա եռապատիկ նվազել է՝ համեմատած 2018թ․-ի նույն ժամանակաշրջանի հետ (2.2 մլն․ դրամից դարձել 727,779)։ Գյուղապետը հաստատեց, որ անցյալում ստիպված են եղել երեք պոմպ շահագործել, սակայն շուրջօրյա ջրամատակարարում այդպես էլ չեն կարողացել ապահովել։ Արդյունքները ցույց են տալիս, որ նախկինում կրկնակի անգամ ավելի ջրամատակարարում է իրականացվել՝ ցանցից ջրի հսկայական կորուստների և համակարգի անարդյունավետ շահագործման պատճառով։

Լենա Եգորյանը լվանում է սպասքը ընտանեկան հավաքույթից հետո։

«Անցյալի հետ նույնիսկ չի կարելի համեմատել։ Նախկինում ջուր ունեցել ենք օրական կամ օրը մեջ մի քանի ժամով։ Անկասկած, պատրաստ ենք վճարել, քանի որ հիմա ունենք մշտական ջուր»,- նշեց Առատաշեն համայնքի բնակիչ, տնային տնտեսուհի Լենա Եգորյանը։

Էապես ավելացել են համայնքի բնակիչների կողմից ջրի վճարումները, այդ թվում՝ 1,5 մլն․ ՀՀ դրամի չափով հին պարտքերի վճարումը։ 2019թ․-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին համայնքի տեղական բյուջեն լցվել է մոտ 3 մլն դրամով։ Արդյունքում համայնքը կարողացել է տեղադրել լրացուցիչ 1800 մ խողովակաշար՝ մնացած երեք փողոցների 47 տնային տնտեսություններին ջրամատակարարմամբ ապահովելու համար։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ և PURE Water ծրագրերի համատեղ ջանքերի, ինչպես նաև համայնքի կողմից ծրագրի իրենց մասը կատարելու հանձնառության շնորհիվ Առատաշեն համայնքն ապահովվեց հուսալի և ապահով ջրամատակարարմամբ։ Գյուղական բնակավայրերի ծրագրերը կայուն են, եթե համայնքները պատրաստ են իրենց վրա կրել ենթակառուցվածքի պատշաճ պահպանման և ծրագրի շարունակականության ապահովման պատասխանատվությունը։