Փոքր Վեդին Արարատի մարզի համեմատաբար փոքր համայնքներից է, որ գտնվում է Արաքս գետի ձախ ափին: Հիմնական զբաղմունքն այստեղ գյուղատնտեսությունն է: Մրգատու այգիները տեղի բնակչության եկամուտի հիմնական աղբյուրն են: Գյուղն ունի 3,300 բնակիչ:
Գյուղացու կայուն եկամուտի և պատշաճ կենսակերպի ապահովման համար չափազանց կարևոր է ոռոգման ջրի անխափան մատակարարումը: Նախկինում համայնքը ոռոգման ջուր ստանում էր երկու աղբյուրից սակայն հին ցանցը և ջրի մեծաքանակ կորուստները չէին կարողանում ապահովել հողատարածքների անհրաժեշտ ոռոգումը։ Ուստի, ի թիվս այլ խնդիրների, համայնքի անդամների քննարկումների արդյունքում, առաջնահերթությունը տրվեց գյուղի ոռոգման համակարգի արդիականացման ծրագրին։ 2020 թվականին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE-Water) ծրագրերի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Արտաշատ» ջրօգտագործների ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում բարելավվեց Փոքր Վեդիի ոռոգման համակարգը:
Ոռոգման համակարգի արդյունավետությունից օգտվող ավելի քան 400 հողօգտագործողներից մեկը Գևորգ Շերոյանն է: Նա ծնվել և մեծացել է Փոքր Վեդիում: Գևորգն ունի մեխանիկ-մանկավարժի մասնագիտություն: Նա 37 տարի գյուղի դպրոցում դասավանդել է մեխանիկա և տեխնոլոգիա, երեխաներին փոխանցել տարբեր տեսակի գյուղտեխնիկայի աշխատանքի վերաբերյալ իր գիտելիքներն ու փորձը: Գևորգը նաև բազմամյա փորձառություն ունեցող գյուղատնտես է։ Դեռևս 2008 թվականին նա կաթիլային ոռոգում անցկացրեց իր ջերմոցում ՝ նպատակ ունենալով բարձրացնել բերքատվությունը և բերքի որակը:
Մեր հետ զրույցում, Գևորգը նշեց, որ ԳԱՏՕ ծրագիրը լուծեց ոռոգման ցանցում ջրի ահռելի կորուստների վերացման կարևորագույն խնդիրը։ Այս հարցի լուծումը նպաստեց, որ այս տարվա գարնանը Գևորգը իր նախաձեռնությամբ և միջոցներով տեղադրի կաթիլային ոռոգման համակարգ 1.6 հեկտար մակերես ունեցող հողատարածքում՝ լոլիկի կոմերցիոն մշակության նպատակով։
«Քանի որ ջրի ավելացած քանակը և ճնշումը ապահովելու էին պոմպի անխափան աշխատանքը, ես կարողացա այս դաշտում հաջողությամբ աշխատեցնել կաթիլային ոռոգման համակարգը։ Այն թույլ է տալիս ջրել մինչև 20-30 հեկտար, հետևաբար նախատեսում եմ մյուս տարի ևս 4 հեկտար ջրել կաթիլայինով»:
Գևորգը կաթիլային ոռոգման համակարգի համար ներդրել է մոտ ԱՄՆ 4.200 դոլար, ներառյալ ՝ ֆիլտրը և խողովակները, որոնք նա ձեռք է բերել Ռուսաստանից: Փաստորեն, ԳԱՏՕ ծրագրի իրականացման արդյունքում, Գևորգը նոր համակարգի տեղադրմամբ ընդլայնել և զարգացրել է իր տնտեսությունը՝ ստանալով երեք անգամ շատ և ավելի բարձրորակ բերք։ Նա նաև ստեղծել է լրացուցիչ աշխատատեղեր համայնքի բնակիչների համար։
Գևորգ Շերոյանի նման շահառուները ավելի են մեծացնում իրականացված ծրագրի ազդեցությունը համայնքի և անհատների կենսակերպի բարելավման վրա, գնահատում նորարական տեխնոլոգիաների կիրառությունը և անձնական ներդրումների միջոցով ծառայեցնում սեփական բիզնեսի շահերին։ Գևորգ Շերոյանի այս նախաձեռնությունը և փորձը գյուղական համայնքներում իրականացվող զարգացման ծրագրերի կայունությունն ապահովող լավագույն օրինակներից է։
Զրույցի վերջում Գևորգ Շերոյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան ժողովրդին և համահայկական հիմնադրամին՝ այս ծրագիրը իրականություն դարձնելու համար և հավելեց. «Իրականում ստացել եմ լոլիկի եռակի բերք՝ ոռոգման ավանդական համակարգի համեմատ։ Ծախսերը հանած, ես ունեմ կրկնակի բերք, ուստի և ավելի շատ եկամուտ: Իսկ բերքի քանակից կախված, բնականաբար, ես ավելի շատ աշխատատեղ եմ ապահովում: Ներկայումս 15 կին և տղամարդ, աշխատում են, հավաքում բերքը։ Ավելացած բերքի դեպքում, ավելի շատ մարդ կընդգրկվի բերքահավաքի աշխատանքներում։ Չէ՛ որ քրտնաջան աշխատանքը բարեկեցության հիմքն է»:
Կարևոր է նշել նաև, որ մինչև ծրագրի իրականացումը, կորուստները ցանցում կազմում էին մոտ 40%։ Ծրագրի իրականացումից հետո՝ ոռոգման սեզոնում, ջրի և էլեկտրական էներգիայի տարեկան խնայողությունները կազմում են համապատասխանաբար՝ 936,000 մ 3 և 341,640 կՎտժ: Խնայողությունների շնորհիվ առաջացած ֆինանսական օգուտը կազմում է մոտ ՀՀ 13.3 միլիոն դրամ, կամ 27,400 ԱՄՆ դոլար։ Այս ծրագիրը ապացուցում է, որ բազմակողմանի համագործակցության, միացյալ ջանքերի և ներդրումների արդյունքում շահում է աշխատող գյուղացին և համայնքը։