ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ. ՄՐԳԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Խողովակների, կցամասերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում Մրգաշատ գյուղի ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման շրջանակում

ՀՆՀ-ի համարը՝  150221-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, խողովակաշարի տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փականային արկղի և ջրընդունիչի արկղի կառուցման համար՝ Մրգաշատ գյուղի ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագրի հայեցակարգի շրջանակում:

ՀՆՀ-ի ամբողջական փաստաթուղթը կից հղումով՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի մարտի 1-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

ՀՆՀ # 190121-01՝ ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՀՆՀ # 190121-01 Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի ընդլայնման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի մասնակիցների նախամրցութային պարզաբանումները ստորև՝

ՈԿԱՀ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Ավարտվեց ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվող Որոշումների կայացմանն աջակցող համակարգի (ՈԿԱՀ) օգտագործման վերապատրաստման ծրագիրը։ ՈԿԱՀ-ն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի հիման վրա նախագծված համակարգչային գործիք է, որը կիրառվում է ջրային ռեսուրսների կառավարման նպատակով։

Վերապատրաստման ծրագիրը նախատեսված էր պետական, գիտահետազոտական, կրթական հաստատությունների ջրային ոլորտի մասնագետների համար։ Մասնավորապես, ծրագրին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության երկու ստորաբաժանումների՝ Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության և ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի աշխատակիցները,  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հակոբյան բնապահպանական կենտրոնի համապատասխան մասնագետները:

ՈԿԱՀ գործիքակազմին տիրապետումը կօգնի մասնագետներին ստանալ տվյալներ ջրային հաշվեկշռի, ջրատնտեսական հաշվեկշռի, կլիմայի փոփոխության պայմաններում տնտեսության տարբեր ոլորտների օգտագործման համար ջրային ռեսուրսների մատչելիության, ջրային ռեսուրսների էկոլոգիական վիճակի վերաբերյալ և կայացնել տվյալներով հիմնավորված որոշումներ։ ՈԿԱՀ-ն կիրառվում է գետավազանային կառավարման պլանավորման, տարբեր ջրավազանների կամ այլ տարածքների, ինչպես օրինակ՝ Արարատյան դաշտի, ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման նպատակով։   

ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ․ ՀՈՎՏԱՇԱՏԻ ԾՐԱԳԻՐ

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)
Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի ընդլայնման շրջանակում

ՀՆՀ # 190121-01

ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի
ձեռքբերման, խողովակաշարի տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փականային արկղի և ջրընդունիչի արկղի կառուցման համար՝ Հովտաշատ գյուղի ոռոգման համակարգի ընդլայնման ծրագրի հայեցակարգի շրջանակում:

Ծրագրի նկարագրությունը և հայտատուներին ներկայացվող պայմանները զետեղված են ՀՆՀ ամբողջական փաստաթղթում, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս․թ․ փետրվարի 2-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով։

ԳԵՏԵՐԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 14-ին zoom հարթակում տեղի ունեցավ ԳԱՏՕ ծրագրի կողմից կազմակերպված հանդիպումը, որի նպատակն էր ոլորտի փորձագետների հետ քննարկել գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի նախագիծը: ԳԱՏՕ ծրագրի մասնագետները ներկայացրեցին մեթոդի հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, ինչպես նաև մշակման գործընթացը, մեթոդաբանությունը, նմուշառումները և հաշվարկման մեթոդները:    

Մեթոդի մշակման աշխատանքներն իրականացվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ` Արարատյան ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների շրջանակում: ԳԱՏՕ ծրագրի կողմից ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկված են ոլորտի համապատասխան փորձագետներ` հիդրոմորֆոլոգ, ջրի որակի մասնագետ, հիդրոկենսաբան, ինչպես նաև  շահագրգիռ մարմինների` ՀՀ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ: Ջրի նմուշառումները կատարվել են Քասախի գետավազանից` ելնելով մի շարք առանձնահատկություններից, այդ թվում` գետային ցանցի մորֆոլոգիան, հիդրոլոգիական սնման ռեժիմը, ջրի որակի վրա ազդող մարդածին և բնական ճնշումները, բազմամյա մոնիթորինգային տվյալների առկայությունը և այլ գործոններ:

Ինքնամաքրման կարողության ցուցիչի սահմանումը փորձագետների համոզմամբ շատ կարևոր է` հաշվի առնելով Հայաստանի գետերի աղտոտվածության մակարդակը: Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին ԳԱՏՕ ծրագրի փորձագետների կողմից հետազոտության համար ընտրված համապարփակ գիտական մոտեցումը, խնդիրների ուսումնասիրման խորությունն ու փոխկապակցվածությունը, ինչպես նաև աշխատանքային խմբի մեջ տարբեր փորձագետների ներգրավվածությունը: Դրական կողմերից է նաև այն, որ մեթոդի մեջ հաշվի է առնված գետերի սեզոնայնությունը: Հարցերը հիմնականում վերաբերում էին փորձագետների կողմից կիրառված հաշվարկման և նմուշառման մեթոդներին, վերլուծական տվյալների օգտագործմանը և մեկնաբանմանը, ինչպես նաև մեթոդի կիրարկման ապահովմանն ուղղված հետագա քայլերին:

Այս առումով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը նախարարության անձնակազմի կողմից կօգտագործվի ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման գործընթացում: Նա նաև ցանկացավ հանդիպման մասնակիցների կարծիքը լսել` որտեղ կարող է մեթոդը կիրառվել:

Մասնակիցները նշեցին կիրառության մի քանի այլ ոլորտներ: Մեթոդը կարող է արդյունավետ լինել կլիմայի փոփոխության կանխատեսումների, բիզնես գործունեության մեջ շրջակա միջավայրի վրա ազդեցության, այսինքն` գետերի վրա մարդածին ազդեցությունների գնահատման համար: Նշվեց նաև, որ գետերի ինքնամաքրման կարողության վերլուծությունը կարևոր է գետավազանային պլանավորման գործընթացների, մասնավորապես` հնարավոր կամ իրական ռիսկի ենթակա ջրային մարմինների որոշման համար:    

Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, օգտագործողի ձեռնարկը և մեթոդի կիրարկումն ապահովող իրավական ակտի նախագիծը կամփոփվի և կներկայացվի ԳԱՏՕ ծրագրի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։

ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳԱՏՕ ծրագիրը Մրգաշատ համայնքում սկսում է ոռոգման համակարգի բարելավման նոր ծրագիր, որն ուղղված է ոռոգման արդյունավետության բարձրացմանը և համայնքի ոռոգելի հողատարածքների ավելացմանը։ Ծրագրի շնորհիվ 30 հեկտար հողատարածք կապահովվի ոռոգման ջրով, և ավելի քան 150 հողօգտագործողներ կօգտվեն արդյունավետ ոռոգման հնարավորություններից։   

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրատար հորիզոնից համայնքային ջրօգտագործման նպատակով հանվող ջրաքանակի զգալի մասը` մոտ 80%-ը կորչում է` բետոնե ջրանցքի մաշվածության և հողային ջրանցքից մեծ քանակությամբ ինֆիլտրացիայի պատճառով: Ջրի կորուստները հանգեցնում են պոմպի երկարաժամյա շահագործման և էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի:Ոռոգման ցանցի տեխնիկական արդիականացման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան խնայել 228,000 մ3 ջուր և 59,280 կՎտժ էլեկտրաէներգիա։  

Ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները մասնավորապես ներառում են.

  1. 600 մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակաշարի կառուցում` պոմպից ոռոգման ջուրը կարճ ճանապարհով անմիջապես դաշտերը մղելու համար.   
  2. մետաղական փականային արկղի (խցիկի) տեղադրում` կարգավորիչ փականները պաշտպանելու համար: Պոմպի կառավարման նոր վահանակի տեղադրում` փափուկ մեկնարկիչով (ստարտեր) և գերլարումից պաշտպանությամբ.
  3. գոյություն ունեցող հողային ջրանցքի վրայով անցումի կառուցում պողպատյա խողովակով.
  4. ոռոգման բաշխիչ ցանցի և երկու ջրթողների կառուցում:

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մեկնարկել է ԳԱՏՕ ծրագրի և Սարդարապատի համայնքապետարանի Սարդարապատ գյուղի ջրամատակարարման բարելավման համատեղ ծրագիրը։  Սարդարապատը Արմավիրի մարզի մեծությամբ երկրորդ գյուղն է։ Գյուղում բնակվում է 5732 մարդ։  

Ներկայումս գյուղի ջրամատակարարումն իրականացվում է օրական 4-5 ժամվա գրաֆիկով։ Ջրի որակը չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Բարձր են ջրի կորուստները՝ մոտ 80%, ցանցի մաշվածության և շահագործվող պոմպերի անարդյունավետության պատճառով։  Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում՝ սանիտարական նորմերին համապատասխան։ Ջրի տարեկան խնայողությունները համակարգի բարելավման և կորուստների կրճատման արդյունքում կկազմեն մոտ 1.5 մլն․ մ3։

Այս ծրագրի իրականացման համար ԳԱՏՕ-ն հավանաբար կհամագործակցի նաև «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ։ Վերջինս այս ծրագրին մասնակցելու նպատակով դիմել է Կոկա-Կոլա հիմնադրամի դրամաշնորհային  ֆինանսավորմանը, որը, ստանալու դեպքում, կօգտագործվի պոմպակայանի շինարարության մի հատվածի, վերամշակված պլաստիկից պատրաստված ջրաչափական արկղերի մի մասի ձեռքբերման, ինչպես նաև պլաստիկ թափոնների կառավարման վերաբերյալ հանրային իրազեկման և ուսուցման համար։

Որոշումների կայացմանն աջակցող համակարգի օգտագործման վերապատրաստման ծրագիր ջրային ոլորտի մասնագետների համար

Դեկտեմբերի 7-ին ԳԱՏՕ ծրագիրը մեկնարկել է Որոշումների կայացմանն աջակցող համակարգի (ՈԿԱՀ) օգտագործման երկշաբաթյա վերապատրաստման ծրագիր։ ՈԿԱՀ-ն ԱՏՀ միջավայրում ինտեգրված համակարգչային գործիք է, որն օգտագործվում է ջրային ռեսուրսների կառավարման նպատակով։

Դասընթացին մասնակցում են Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներն, ինչպես նաև գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչները։

Դասընթացի նպատակն է տալ գործիքի վերաբերյալ կիրառական գիտելիքներ և ներառում է բազմաթիվ գործնական վարժություններ։ Դասընթացի սկզբնական փուլն ուղղված է լինելու ԱՏՀ հիմունքների տիրապետմանը՝ ապահովելու մասնակիցների շրջանում ԱՏՀ գիտելիքների անհրաժեշտ մակարդակ։ Հաջորդիվ, մասնակիցներին ներկայացվելու է ՈԱԿՀ-ի կառուցվածքն ու հիմնական բաղադրիչները, այդ թվում՝ հիդրոլոգիական և կլիմայի փոփոխության մոդելները, ջրի հաշվեկշռի, ջրատնտեսական հաշվեկշռի, ջրի որակի գնահատման բաղադրիչները, գետերի էկոլոգիական հոսքի գնահատման մեթոդը և այլն։

ԱԿՎԱԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

«Արմավիրի Ֆերմեր» ձկնաբուծական տնտեսության տարածքում գտնվող Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնը

ԳԱՏՕ ծրագրի թիմն այսօր անցկացրեց առցանց միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել Ակվակուլտուրաների տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի (ԱՏՓԿ) պիլոտային ծրագիրը: Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ կառավարության, ձկնաբուծական ոլորտի ներկայացուցիչները և ծրագրի գործընկերները:

ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերն իր ողջույնի խոսքում կարևորեց ջրային ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև գործակցությունը: Նա նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն խրախուսում է նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառությունը, որը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարներից ջրառի ծավալների նվազեցմանը: 

ԱՏՓԿ-ի կառուցվածքը։
Ոլորտին առչնվող լավագույն միջազային փորձը։

ԱՏՓԿ-ի ծրագիրն իրականացվեց Մեծամոր քաղաքի «Արմավիրի Ֆերմեր» ձկնաբուծական տնտեսության տարածքում: Կենտրոնը փորձարարական բազա է ակվակուլտուրայի տարբեր տեխնոլոգիաների միատեղ փորձարկման և ստուգման համար: Zoom հարթակում անցկացվող առցանց խորհրդակցության ընթացքում ակվակուլտուրայի ոլորտի տեղական փորձագետ Կարեն Աղաբաբյանը մասնակիցներին ներկայացրեց ԱՏՓԿ ծրագրի տեխնիկական լուծումները և մեթոդները: Ակվակուլտուրայի ոլորտի միջազգային փորձագետ Դեյվիդ Ստեֆենը ներկայացրեց ակվակուլտուրայի ոլորտի միջազգային լավագույն փորձը` ելնելով ԱՏՓԿ-ի ծրագրի տրամաբանությունից:      

ԱՏՓԿ-ում օգտագործվել են հետևյալ տեխնոլոգիաները և մեթոդները` ջրի ռեցիրկուլյացիա, պասիվ նստեցում` ջրից կոշտ օրգանական մասնիկների հեռացման համար, աերոլիֆթինգ` ջուրը թթվածնով հագեցնելու համար, բիոֆիլտրում և ֆիտոֆիլտրում: Արտահոսող ջրերում կիրականացվի խեցգետինների բուծում, որից հետո եղեգնուտում (ճահճուտ) կեղտաջրերը կենթարկվեն կենսաբանական մաքրման` նախքան դրենաժային համակարգի մեջ արտանետվելը: Վերջինս կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները: Համակարգի ջրերի մոտ 70%-ը կվերաշրջանառվի, և հորատանցքից կվերցվի միայն 30%-ը: Ծրագրի շնորհիվ կկատարվի տարեկան 2.5 մլն մ3 ջրի և 63 ՄՎտժ-ին հավասարազոր էներգիայի խնայողություն:       

Խեցգետնի աճեցման համար նախատեսված ավազանները։

Հաջողման դեպքում նշված տեխնոլոգիաները և լավագույն փորձը կարող են կրկնօրինակվել այլ ձկնաբուծական տնտեսությունների կողմից։ Անհատ ձեռներեց Արտյոմ Թորոսյանը Մասիսի շրջանում գտնվող իր ձկնաբուծարանում արդեն իսկ կառուցել է ջրի շրջանառու համակարգ: ԱՏՓԿ-ում առաջարկվող լուծումները հարմարեցնելով իր պայմաններին` նա կիրառել է ինչպես աերոլիֆտ պոմպեր, այնպես էլ տղմահեռացման համակարգ: Ձկնաբուծարանն ունի մոտ 80 տոննա ձկան արտադրանք, և ըստ Արտյոմ Թորոսյանի` աերոլիֆտ պոմպերն ապահովում են ձկնարտադրության արդյունավետությունն ու ձկան լավ որակը:     

Ձկնարդյունաբերությունը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործման խոշորագույն ոլորտներից մեկն է, որը կազմում է ընդհանուր ջրօգտագործման շուրջ 50%-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԳԱՏՕ ծրագրի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են նորարարական և ջրախնայողական լուծումների միջոցով ձկնաբուծության ոլորտի արդյունավետության բարձրացմանն, ներառյալ՝ ձկնաբուծարաների հետադարձ հոսքերի կրկնակի օգտագործումը ոռոգման նպատակներով։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` ակվակուլտուրայի ոլորտի տեղական արտադրանքը տատանվում է տարեկան 17,000-18,000 տոննայի սահմաններում և հիմնականում կազմված է իշխան ու թառափ ձկնատեսակներից: Ձկնարտադրանքի մոտ 20-30%-ն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Ուկրաինա և այլ երկրներ: Ակվակուլտուրայի արտադրության մեջ ջրախնայողական տեխնոլոգիաների օգտագործումը կնպաստի ծախսերի կրճատմանը և ձկնաբույծների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը:      

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ՀԻՄՔ

Ձախից աջ՝ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկանտներ Նառա Մնացականյանը  և Ինգա Սիրադեղյանը:

2019թ. դեկտեմբերին իրենց աշխատանքային պրակտիկան սկսեցին Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկու մագիստրանտներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրում։ Պրակտիկայի տաս ամիսների ընթացքում Նառա Մնացականյանն ու Ինգա Սիրադեղյանը հաջողությամբ իրականացրեցին ծրագրի կողմից ներկայացված հստակ առաջադրանքները՝ ի նպաստ ՀՀ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման։  Առաջադրվող խնդիրները բավականին տեխնիկական էին ու խրթին, ուստի դրանք իրականացվում էին ծրագրի անձնակազմի կողմից մշտական խորհրդատվության և հսկողության ներքո:

Մենք զրուցեցինք պրակտիկանտների հետ, որոնք կիսեցին իրենց տպավորությունները պրակտիկայի վերաբերյալ. ի՞նչ սովորեցին, ինչպիսի՞ փորձ ձեռք բերեցին, ինչպիսի՞ գործնական կիրառություն ունեցան համեմատաբար կարճատև աշխատանքային փորձի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը։ 

«Գիտելիքի կիրառումը գործնականում լավ մասնագետ դառնալու գրավականն է հանդիսանում…»

Ինգա Սիրադեղյան

Ինգա Սիրադեղյանը՝ ԳԱՏՕ ծրագրի դասընթացին՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի գործիքակազմի օգտագործումը քարտեզագրնան  նպատակով» թեմայով:

«Դեռ ուսանողական առաջին տարիներից երազել եմ ստանալ մագիստրոսի կոչում՝ խորացնելու իմ մասնագիտական գիտելիքները և ճանապարհ հարթելու հետագա աշխատանքի համար: Մագիստրատուրայի իմ թեզը վերաբերում էր ՀՀ Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսերի վտանգավորության աստիճանի մոդելավորմանն ու գնահատմանը: Սա հեշտ թեմա չէր, այն պահանջում էր ձեռքի տակ ունենալ առավել նոր գործիքներ և ապահովել դրանց թիրախային կիրառությունը: Ահա այստեղ է, որ օգնության եկավ ԳԱՏՕ ծրագրի ընձեռած հնարավորությունը։

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ  ծրագրին դիմելուց հետո, ինձ համար մի նոր և անծայրածիր հորիզոն բացվեց: Որպես պրակտիկանտ, ես պատկերացում կազմեցի իմ մասնագիտության կիրառական կողմերի մասին, սովորեցի կարողություններս և փորձառությունս արդյունավետ կիրառել կոնկրետ մասնագիտական նպատակների կամ առաջադրանքների իրականացման համար:

Թեզիս ուսումնասիրության համար ես կիրառեցի ԳԱՏՕ ծրագրում ջրային ռեսուրսների կառավարման նպատակով ներդրված նորարարական մոտեցումները և գործիքները, մասնավորապես՝ ArcGIS (Երկրատեղեկատվական համակարգ) և Analytical Hierarcy Process (AHP) վերլուծության մեթոդը։  ArcGIS միջավայրում աշխատելն ինձ տվեց պրակտիկ գործիքների կիրառության այնպիսի փորձ և հմտություն, որոնց միջոցով ես կարողացա մոդելավորել Զանգեզուրի լեռնաշղթայի ձնահյուսավտանգ տարածքները, գնահատել դրանց վտանգավորության աստիճանը:  Այսպիսով՝ ձեռք բերված նոր հմտությունները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում առկա խնդիրների և՛ ռազմավարական, և՛ տնտեսական տեսանկյունից խորքային վերլուծություններ կատարելու և հիմնավորված լուծումներ առաջարկելու համար: Համոզված եմ, այս գիտելիքներն ինձ կօգնեն մրցունակ լինել աշխատաշուկայում որպես սկսնակ:

Բացի դրանից, ԳԱՏՕ ծրագրում աշխատելիս ձեռք բերեցի մի շարք այլ հմտություններ, որոնք որպես հիմնաքար են ծառայում իմ այժմյան աշխատանքում․ տվյալների կազմակերպումը տվյալների բազայում, տվյալների ժամանակային շարքերի վերլուծությունը, տվյալների տարածական վերլուծությունը ArcGIS միջավայրում»։

ԳԱՏՕ ծրագրում պրակտիկան ավարտելուց անմիջապես հետո, սույն թվականի հուլիսից, Ինգան աշխատում է հայրենի Ալավերդիում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որպես փորձագետի օգնական։ Կենտրոնի անձնակազմի հետ միասին Ինգան աշխատում է ՀՀ Լոռու մարզի համայնքների տարբեր խնդիրների վերհանման և վերլուծության, բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերի բարձրաձայնման, խորհրդատվության և այլ աջակցության կազմակերպման ուղղություններով՝ կիրառելով ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: 

Մեր զրույցի վերջում Ինգան ասաց. «Այս ամենից զատ, սակայն, ուզում եմ մեկ այլ և նույնքան կարևոր բան շեշտել։ ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ժամանակ ես սովորեցի աշխատել արհեստավարժ թիմի հետ, նրանցից սովորել, լսել նրանց ամենօրյա խորհուրդները և այդ շփման մեջ աճել մասնագիտորեն և անձնապես:  Սա ես համարում եմ թերևս ամենակարևոր օգուտներից մեկը՝  լինել թիմի արդյունավետ անդամ և նման կարևոր ծրագրի մի մասը»։

նառա Մնացականյան

«Ավարտական թեզս՝ «Անշարժ գույքի գործարքները միջնադարյան Հայաստանում», վերաբերում էր  միջնադարյան Հայաստանում գործած կադաստրային համակարգի նախատիպին ու իրականացված թեմա, որի համար հարկավոր էին հավաստի տվյալներ, դրանց աղբյուրների և լայնածավալ տվյալների վերլուծություն:

ԳԱՏՕ ծրագրի պրակտիկայի ընթացքում ձեռք բերված մոդելավորման փորձի հիման վրա, մշակեցի տվյալների մեծ բազա թեզիս համար: Բացի դրանից, բազմիցս կիրառել եմ այս գործնական գիտելիքները թեմատիկ քարտեզների ստեղծման ու ձևավորման գործում: 

ԳԱՏՕ ծրագրում ձեռք բերված գիտելիքներն ինձ ոգևորեցին՝ ընդգրկվելու մի բիզնես-ծրագրում և ես  հաջողության հույսեր ունեմ։ Անխոս, ԳԱՏՕ ծրագիրը մեծ փորձ էր ոլորտում առաջին քայլերն անող մասնագետի կայացման համար։  Այն Երկրատեղեկատվական համակարգի վերլուծաբանի հիանալի փորձառություն էր։

Ներկայումս Նառան աշխատում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, որտեղ դասավանդում է տեղեկատվական համակարգերի վերլուծություն՝ ԵՏՀ կիրառությամբ, առարկան:

«Իմ աշխատանքային կարիերայի և ապագայի հետ կապված բոլոր տեսլականներս կապված են ԵՏՀ վերլուծությունների հետ.  չգիտեմ ինչու՞, բայց չափազանց շատ եմ սիրում աշխատանքս ու հիմա էլ փորձում եմ այդ ոլորտում կատարելագործվել»: