Երկու նոր ծրագիր Գրիբոյեդով համայնքում

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնում է երկու նախագիծ Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում։ Կբարելավվի համայնքի ոռոգման համակարգը և կլուծարվի համայնքում առկա արտեզյան հորերից մեկը։

Համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում Ֆերմերներն աճեցնում են միրգ, բանջարեղեն, հացահատիկ և այլ բույսեր, մշակում են պտղատու և խաղողի այգիներ։ Ոռոգման ներկայիս ծրագիրը թույլ կտա ավելի արդյունավետ ոռոգել համայնքի հողատարածները ջրի կորուստների կրճատման շնորհիվ և ոռոգելի կդարձնի ևս 7 հեկտար։

ԳԱՏՕ ծրագիրը նաև կլուծարի համայնքին պատկանող արտեզյան հորերից մեկը։ Ինքնահոս այս հորն ունի 15 լ/վ ջրատվություն, որը համայնքի կողմից չի շահագործվում, իսկ ջուրը թափվում է դրենաժային համակարգ։ Այս ծրագրերի իրականացման արդյունքում տարեկան կխնայվի մոտ 475000 մ3 ջուր։ Տասներկու հողօգտագործող՝ տնային տնտեսություն, հնարավորություն կստանան ոռոգելու և մշակելու իրենց հողատարածքները։

Հայտ ներկայացնելու հրավեր. Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերում և տեղադրում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերում և տեղադրում

Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործման շրջանակում

ՀՆՀ # 020421-01

ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Ֆոտովոլտայիկ համակարգի ձեռքբերման և տեղադրման համար՝ «Ձկնաբուծության նպատակով վերականգնվող էներգիայի օգտագործում» ծրագրի շրջանակում:

Հայտի ներկայացման ուղեցույցը, ժամկետները և մրցույթին առնչվող պայմանները ստորև՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 16-ը՝ Երևանի ժամանակով  ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատուպետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

ՀՆՀ # 250321-01․ նախամրցութային պարզաբանումներ

Նախամրցութային պարզաբանումներ

ՀՆՀ #  250321-01 Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթ

Ապրիլի 1-ը 2021թ․

N Հարց Պատասխան 
Նախատեսվա՞ծ է արդյոք կանխավճար  Ոչ 
Հնարավո՞ր է արդյոք վճարումն իրականացնել փուլ առ փուլ Ոչ, քանի որ կառուցվելիք համակարգի որևէ բաղադրիչի փորձարկումը և ընդունում-հանձնումը առանց բոլոր աշխատանքները վերջացնելու հնարավոր չէ 
Գործում է արդյո՞ք նախկինում ձեռք բերված DUNS համարը DUNS համարը վաղեմիության ժամկետ չունի, այն ձեռք է բերվում մեկ անգամ և գործում է կազմակերպության գործունեության ամբողջ ընթացքում 
Պարտադի՞ր է արդյոք փորձը քլորակայանների կառուցման գործում Այո, հայտատուն կամ իր ենթակապալառուներից որևէ մեկը պետք է ունենա խմելու ջրի մատակարարման համակարգի, պոմպակայանի և քլորակայանի կառուցման փորձ, ինչպես դա նշված է մրցույթի հրավերում 
Պե՞տք է արդյոք փոխել գյուղի կողմից վերջին ժամանակահատվածում կառուցված նոր ջրագծերը Նախագծում նշված են այն ջրագծերը, որոնք գտնվում են բարվոք վիճակում և փոփոխման ենթակա չեն։ Այդ ջրագծերը պետք է միացվեն նոր կառուցված ցանցին աշխատանքների ավարտման փուլում՝ տվյալ փողոցների երկարատև ջրազրկումից խուսափելու համար 
Պոմպի շարժաբերի հզորությունը չի համապատասխանում պոմպի հզորությանը Այո, ծավալաթերթում տեղ է գտել սխալ․ պոմպի հաճախա-կանային կարգավորմամբ շարժաբերը պետք է լինի 120 ամպերանոց 

Հայտ ներկայացնելու հրավեր. դիտակետերի վերանորոգում և կահավորում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Դիտակետերի վերանորոգում և կահավորում

Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի ազգային ցանցի թիվ 192 և 2063 դիտակետերի վերանորոգման և կահավորման ծրագրի շրջանակում

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում գտնվող ազգային դիտացանցի թիվ 192 չշատրվանող հորատանցքի և Արարատի մարզի Դալար համայնքում գտնվող ազգային դիտացանցի թիվ 2063 շատրվանող հորատանցքի վերանորոգման և կահավորման համար՝ Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի ազգային ցանցի թիվ 192 և 2063 դիտակետերի վերանորոգման և կահավորման ծրագրի հայեցակարգի շրջանակում:

Հայտատուներին հրավիրում ենք ներկայացնել հայտեր համաձայն ստորև բերված ՀՆՀ ամբողջական փաստաթղթի՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 13-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00: Յուրաքանչյուր հայտատու պետք է հայտի էլեկտրոնային տարբերակը ներկայացնի aspired@engl.com հասցեով:

ԳԱՏՕ ծրագիրը կնորոգի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի երկու դիտակետ Արարատյան դաշտում

ԳԱՏՕ ծրագիրը կնորոգի երկու դիտահոր Վարդանաշեն և Դալար համայնքներոմ, որոնք ներառված են ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային ցանցում։ Դիտահորերի նորոգման արդյունքում կբարելավվի Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի որակը, որն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից։

Ներկայումս Կենտրոնն իրականացնում է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ՝ օգտվելով ջրավազանային կառավարման վեց տարածքներում տեղակայված 109 դիտակետերից, որոնցից 48-ը գտնվում են Արարատյան դաշտում։ Պարբերաբար կատարվող չափումների շնորհիվ ստացվում են տվյալներ ստորերկրյա ջրատար հորիզոնի վիճակի, ստորերկրյա ջրերի տարբեր պարամետրերի և որակի վերաբերյալ։ Հատուկ սարքերի օգնությամբ, որոնց մի մասը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին նվիրաբերվել է ԳԱՏՕ ծրագրի կողմից, ստացվում են տեղեկություններ ստորերկրյա ջրերի մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև իրականացվում է ջրի որակի մոնիթորինգ 40 պարամետրերով, ներառյալ՝ ջրի ջերմաստիճանի, հանքայնացման, կոշտության, էլեկտրահաղորդականության և այլ տեսակի չափումներ։

Դալարի և Վարդանաշենի դիտահորերը անմխիթար վիճակում են և ենթակա են հիմնանորոգման։ նախատեսվում է մաքրել հորերը, անհրաժեշտության դեպքում նորոգել վնասված կառուցվածքները, տեղադրել նոր փականներ և ցանկապատել տարածքը։ Դալարում արտահոսող ջուրը ողողել է տարածքը, վերածելով այն ճահճի և դժվարացնելով չափումները։ Նախատեսվում է նաև կառուցել սանիտարական գոտի և հատուկ պաշտպանիչ պողպատե ծածկեր` հորերի տարածք մուտքը կանխելու և ջրատար հորիզոնների հնարավոր աղտոտումը բացառելու նպատակով։ Լուսանկարներում պատկերված է Դալարի և Վարդանաշենի հորերի ներկայիս վիճակը:

2019 թվականին ԳԱՏՕ ծրագրի կողմից վերանորոգվեց Արարատյան դաշտի սնման գոտում գտնվող 7 դիտակետ՝ հետագայում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային ցանցում ընդգրկելու նպատակով։

Հայտ ներկայացնելու հրավեր՝ Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման շրջանակում

Հայտ ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Նյութերի ձեռքբերում և շինարարական աշխատանքների իրականացում

Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման շրջանակում

ՀՆՀ-ի համարը՝  250321-01

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է ներկայացնելու հայտեր ՊԷ խողովակների, կցամասերի ձեռքբերման, խողովակաշարի տեղադրման և մոնտաժման աշխատանքների իրականացման, ինչպես նաև փականային արկղի և ջրընդունիչի արկղի կառուցման համար՝ Սարդարապատ գյուղի ջրամատակարարման համակարգի արդյունավետության բարձրացման ծրագրի հայեցակարգի շրջանակում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը, ուղեցույցը և ընթացակարգը այս հղմամբ՝

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2021թ.-ի ապրիլի 8-ը՝ Երևանի ժամանակով ժամը 17:00:

Արժևորելով ջուրը․ մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

💦🌎 Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին նշվում է #Ջրիհամաշխարհայինօրը։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա կարգախոսն է «#Արժևորելովջուրը»՝ ընդգծելու ջրի նշանակությունը մարդկանց կյանքի, առողջության, բարեկեցության, տնտեսության և շրջակա միջավայրի համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, ԳԱՏՕ ծրագրի նպատակներից մեկն է բարելավել մեր երկրի ջրային ոլորտի օրենսդրությունը։ ԳԱՏՕ-ն՝ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկով, մշակել և կառավարությանն է ներկայացրել Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանման պահանջները սահմանող իրավական ակտի նախագիծը և ներկայումս աշխատում է Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և կիրարկման մեխանիզմների մշակման վրա։ Ծրագրի կողմից պատրաստած տեսանյութը ներկայացնում է այս երկու կանոնակարգերի նպատակները և դրանց մշակման ուղղությամբ մեր թիմի կատարած աշխատանքը։ Դիտեք մեր տեսանյութը։

☀️ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը կտեղադրի արևային համակարգ Հովտաշատ գյուղի հարևանությամբ գտնվող ձկնաբուծական տնտեսությունում։ ԳԱՏՕ ծրագիրը ձկնաբուծարանի հետ համատեղ կտեղադրի 30 կՎտ հզորությամբ ֆոտովոլտայիկ համակարգ՝ հոսանքի ծախսը կրճատելու համար։

2019 թվականին ձկնաբուծարանի սեփականատեր Արտյոմ Թորոսյանը՝ ԳԱՏՕ ծրագրի մասնագետների աջակցությամբ, ներդրել է ջրի շրջանառու համակարգ՝ կրկնօրինակելով Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնում ԳԱՏՕ ծրագրի կողմից պիլոտային եղանակով կիրառված տեխնոլոգիաները։ Արտյոմ Թորոսյանի ձկնաբուծարանում ջրի թթվածնով հագեցման համար օգտագործվում են աերոլիֆտ պոմպեր, իսկ տղմահեռացման համար՝ պասիվ նստեցման համակարգեր։    

Ջրի շրջանառու համակարգում կիրառվող տեխնոլոգիաները, սակայն, ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում և ավելացնում են արտադրական ծախսերը։ Արևային էներգիայի օգտագործումն էկոլոգիապես մաքուր այլընտրանքային միջոց է աերատորների և ռեցիրկուլյացիոն պոմպերի լրացուցիչ հոսանքի ծախսը փոխհատուցելու համար։

Տնտեսությունը, սպառելով ընդամենը 40 լիտր վայրկյան ջուր, տարեկան արտադրում է շուրջ 90 տոննա ձուկ։ Մեկ լիտր վայրկյան ջրով 2.25 տոննա ձկան արտադրողականությունը 2,8 անգամով ավելի շատ է, քան ընդունված ստանդարտը՝ 800 կգ։ Նոր ծրագրի շնորհիվ ձկնաբուծարանը տարեկան կխնայի շուրջ 46 մՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ ձկնաբուծարանի ընդհանուր էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է տարեկան շուրջ 350 մՎտ/ժ։     

ՀՆՀ # 150221-01 ` ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ՀՆՀ # 150221-01 Մրգաշատ գյուղի ոռոգման համակարգի ընդլայնման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման մրցույթին առնչվող հարցերի պարզաբանումները կից փաստաթղթում՝

💧 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ԱՄՆ ՄԶԳ-ն ԳԱՏՕ ծրագրի միջոցով կարևոր դերակատարում ունի Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսի կառավարման կարողությունների հզորացման գործում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված աջակցության շրջանակում ԳԱՏՕ ծրագիրն օգնում է վերականգնել և ընդլայնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ազգային դիտացանցը։ 2016 թվականից մինչ օրս ԳԱՏՕ ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի (ՀՀ ՇՄ) նախարարությանը տրամադրել է համակողմանի տեխնիկական աջակցություն, ներառյալ՝ վերապատրաստում, կարողությունների զարգացում, սարքավորումների նվիրաբերում, ինչպես նաև մի քանի ստորերկրյա դիտահորերի նորոգում։
Դիտահորերում իրականացվող չափումները տեղեկություններ են հաղորդում ստորերկրյա ջրատար հորիզոնի վիճակի վերաբերյալ։ Այդ տվյալները կարևոր են նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պլանավորման համար։ Որոշումների կայացման փաստականությունն ամրապնդելու համար ԳԱՏՕ ծրագիրը 2019-2020թթ․-ին գերժամանակակից սարքավորումներ նվիրաբերեց ՀՀ ՇՄ նախարարության

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին (ՀՕՄԿ), որը որպես նախարարության առանձին ստորաբաժանում պատասխանատու է ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման համար։ ՀՕՄԿ-ին տրամադրվեցին ուլտրաձայնային հոսքաչափ, ստորերկրյա ջրերի մակարդակաչափեր, հորի տեսախցիկ, ինչպես նաև ջրի ջերմաստիճանը, լուծված թթվածնի քանակությունը և էլեկտրահաղորդականությունը չափող շարժական սարքեր։ 2019թ․-ին ԳԱՏՕ ծրագիրն իրականացրեց Արարատյան դաշտի սնման գոտում տեղակայված յոթ դիտահորերի նորոգում՝ ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտացանցում ընդգրկելու նպատակով։ 2021թ-ի մայիսից ՀՕՄԿ-ը կսկսի չափումներ կատարել տվյալ դիտահորերում։ Ներկայումս ԳԱՏՕ ծրագրի կողմից տրամադրված սարքավորումներով ՀՕՄԿ-ը 238 դիտահորերում իրականացնում է ստորերկրյա ջրային ռեսուրսների մշտադիտարկում:

Շրջակա միջավայրի նախարարության խնդրանքով ԳԱՏՕ ծրագիրը կիրականացնի ևս երկու ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտահորերի նորոգում Արարատի և Արմավիրի մարզերի Դալար և Վարդանաշեն համայնքներում։ 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին ԳԱՏՕ ծրագրի և ՀՕՄԿ-ի հիդրոլոգները կատարեցին դիտահորերի վիճակի և տարածքի զննություն։ Տեսախցիկի 📹 օգնությամբ մասնագետները կարողացան գնահատել հորի վիճակը և թափոններով լցվածությունը։ Նորոգման աշխատանքները կներառեն՝ դիտահորերի մաքրում, վնասված կառուցվածքների նորոգում, փականների փոխարինում և տարածքի ցանկապատում 🛠։

📌Տեսախցիկով նկարահանված արտեզյան հորը սույն հղումով։

Ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգը ենթադրում է, որ մշտադիտարկման աշխատանքներում ներգրավված մասնագետները պետք է ունենան սարքավորումների օգտագործման և ջրերի նմուշառման և գնահատման հմտություններ, ինչպես նաև ընդհանուր գիտելիքներ ստորերկրյա ջրային ռեսուրսի վերաբերյալ։ ԳԱՏՕ ծրագրի օժանդակությամբ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնը 2016թ․-ին նախարարության անձնակազմի համար անցկացրեց վերապատրաստում հորերի գույքագրման, տվյալների հավաքման, ջրի որակի նմուշառման ընթացակարգերի վերաբերյալ, իսկ 2017թ․-ին վեբինար՝ ստորերկրյա ջրերի հոսքի մոդելավորման և հիդրոերկրաբանական կառուցվածքի վերաբերյալ։ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն։ Հաշվի առնելով ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման միտումը՝ անհրաժեշտ է ունենալ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քաղաքականություն՝ ներկա և ապագա սերունդների ջրի կարիքները բավարարելու, ջրային ռեսուրսների հետագա կրճատումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելու համար։