Դեկտեմբերի 16-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը կազմակերպեց Արարատյան դաշտի հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման վերջնական արդյունքների ներկայացումը: Գույքագրումը և հաշվառումն իրականացվել են ՀՀ Բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ փորձելով ջրառի տարբեր կետերից ձեռք բերել ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և փաստացի ջրառի ծավալների վերաբերյալ տվյալներ: Գույքագրումը կարևոր քայլ է՝ ուղղված ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ հանրային տվյալների բազայի ստեղծմանը և կառավարության կողմից իրազեկված որոշումների կայացմանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության, Գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ Նախագահի աշխատակազմի, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների, գիտաուսումնական հաստատությունների մոտ 70 ներկայացուցիչներ: ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն ուղղված համատեղ ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում հաստատեց, որ ԳԱՏՕ ծրագիրը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում են՝ ստեղծելու Արարատյան դաշտի վերաբերյալ թարմ, թափանցիկ տվյալների համակարգ, որը կապահովի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը:
Միջոցառումը հարթակ դարձավ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսության համար: Արծարծվեցին այնպիսի սուր հարցեր, ինչպիսին են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների բնապահպանական և ռազմավարական նշանակությունը, ռեսուրսի պահպանման գերակայությունների և երկրի տնտեսական զարգացման մարտահրավերների միջև հավասարակշռության պահպանումը, ապօրինի ջրօգտագործման դեպքում պատասխանատվության ենթարկումը, կառավարության կողմից ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումները: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրը հասարակության տարբեր ոլորտների, այդ թվում՝ գիտաուսումնասկան հաստատությունների, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակվանից ի վեր, երբ հանրային հնչեղություն ստացավ ձկնաբուծարանների կողմից երկրի բարձրորակ ստորերկրյա ջրային պաշարների անարդյունավետ ու անվերահսկելի օգտագործման հանգամանքը: Հաշվի առնելով, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն՝ էներգետիկ և սննդի անվտանգության առումով, խնդիրը որպես գերակայություն ընդգրկվեց ՀՀ կառավարության օրակարգում:
ԳԱՏՕ ծրագիրը և ՀԵՄԿ-ը ապահովել են գույքագրման և հաշվառման հնարավորինս լայն շրջանակով իրականացումը: Որպես պետական կառույց՝ ՀԵՄԿ-ը մասնավոր ձկնային տնտեսություններ մուտք գործելու և փաստացի ջրառի վերաբերյալ տվյալներ ստանալու հնարավորություն է ունեցել և այդպիսով ապահովել գույքագրման արդյունքների բարձր որակը և օբյեկտիվությունը: Պատասխանելով կառավարությանն ուղղված քննադատությանը և հաջորդական քայլերի վերաբերյալ հարցերին՝ փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ կարճ ժամանակում կառավարությունը կնախատեսի համապատասխան միջոցառումներ գույքագրման զեկույցում վերհանված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, օրինակ՝ բազմաթիվ լքված, արտահոսքով հորատանցքերի առկայությունը, քարերով, հողով, աղբով լցված չշահագործվող հորատանցքերի պատշաճ կոնսերվացման անհրաժեշտությունը, ապօրինի ջրօգտագործման դեպքերը: Գույքագրման տվյալները հիմք կհանդիսանան Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրառի օպտիմալ ծավալի որոշման և ջրօգտագործման իրական թույլատրելի ծավալների սահմանման համար:
ԳԱՏՕ ծրագիրը, համագործակցելով ԱՄՆ-ի Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի հետ, մոտ ապագայում նախատեսում է աշխատել թվային հիդրոերկրաբանական քարտեզի պատրաստման, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի եռաչափ մոդելի մշակման և չափաբերման ուղղությամբ: Գույքագրման և հաշվառման վերջնական հաշվետվությունը և տվյալների բազան
ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2017թ.-ի հունվարին: