Ծանուցում՝ ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի սարքավորումների գնման և տեղադրման մրցույթը չեղյալ համարելու մասին

Սույնով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի ս.թ նոյեմբերի 3-ին Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի սարքավորումների գնման և տեղադրման համար մրցույթը հայտարարվում է չեղյալ ԳԱՏՕ ծրագիրն իրականացնող «ME&A» (Էմ Ի ընդ Էյ) կազմակերպության կողմից:

ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄ ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) գործընկերների հետ միասին նշեց Արարատի մարզի Սիփանիկ գյուղի մոտակայքում գտնվող ինքնաշատրվանող հորի լուծարման ծրագրի ավարտը: Համայնքում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքի անդամներ և հարևան գյուղերի գյուղապետեր:

2016 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից իրականացված ստորերկրյա հորատանցքերի, բնաղբյուրների և ձկնաբուծական տնտեսությունների գույքագրման տվյալներով պարզվեց, որ Արարատյան դաշտում կան 135 չշահագործվող հորատանցքեր՝ տարեկան մոտ 35 մլն. խորանարդ մետր արտահոսքով: Արդյունքում, վատնվում է բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսը՝ էլ ավելի խախտելով ստորերկրյա ջրատար հորիզոնների էկոլոգիական հավասարակշռությունը:

Սիփանիկ գյուղի խորքային հորի լուծարման ծրագիրը նախաձեռնվեց Սիփանիկի գյուղապետի դիմումի հիման վրա՝ ՀՀ բնապահպանության նախարարության միջնորդությամբ: Ինքնաշատրվանող այս հորը երբևէ չէր շահագործվել համայնքի կողմից. ջուրը հեղեղում էր գյուղի շրջակա տարածքը`բերելով դաշտերի ճահճակալման: 60 լիտր վայրկյան ջրատվություն ունեցող հորի փակման արդյունքում տարեկան կխնայվի մոտ 1.9 մլն խորանարդ մետր ջուր:

Սիփանիկ գյուղի խորքային հորի լուծարումն իրականացվեց ԳԱՏՕ ծրագրի՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրների լուծման ոլորտում ՀՀ կառավարությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակում: Ի թիվս այլ գործողությունների՝ Արարատյան դաշտում իրականացվող պիլոտային ծրագրերի միջոցով ԳԱՏՕ-ն ցուցադրում է  նորարարական տեխնոլոգիաների և մոտեցումների կիրառումը ստորերկրյա ջրերի և էներգիայի խնայողության ոլորտում:

Չշահագործվող արտեզյան հորերի լուծարման ծրագրերը հսկայական ներուժ ունեն՝ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պահպանության առումով: Միևնույն ժամանակ, հորերի օպտիմալացումը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսի ավելի արդյունավետ օգտագործմանը:

« of 2 »

Գնառաջարկներ ներկայացնելու հրավեր ՀՀ բնապահպանության նախարարության ավտոմատ կառավարման կենտրոնական գլխամասային հանգույցի վերազինման համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով

ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
ՀՀ բնապահպանության նախարարության ավտոմատ կառավարման կենտրոնական
գլխամասային հանգույցի վերազինման համար համակարգչային սարքավորումների
ձեռքբերման նպատակով

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «ԳԱՏՕ» ծրագիրը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը հրավիրում են մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնելու ՀՀ բնապահպանության
նախարարության վերոնշյալ կարիքների համար համակարգչային սարքավորումների մատակարարման համար: Պահանջվող ապրանքների ու ծառայությունների մասնագրերը և ծավալները, ինչպես նաև առաջարկվող գործարքի պայմանները ներկայացված են կից. MNP_Server_NRB_arm

ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Ձկնաբուծարանում ջրի արդյունավետ օգտագործման համակարգի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքներն իրականացնելու համար

«ԳԱՏՕ» ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպու­թյուններին գնառաջարկներ ներկայացնելու Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հարևանությամբ գտնվող ձկնաբուծարանի տարածքում ջրի արդյունավետ օգտագործման համակարգի կառուցման ծրագրի նախագծային աշխատանքների իրականացման համար: Պահանջվող աշխատանքների մասնագրերը և ծավալները, ինչպես նաև առաջարկվող գործարքի պայմանները և վերջնաժամկետը ներկայացված են կից փաստաթղթում. ATTC_design_RFP_arm

ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի համագործակցությունը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կարողությունների զարգացման նպատակով

ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնը կարևոր նվաճումների են հասնում՝ համագործակցելով Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացման ուղղությամբ: Օգոստոսի 29-30-ին ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի թիմը հայաստանյան մասնագետների համար անցկացրեց վեբինար՝ հիդրոերկրաբանական կառուցվածքի, ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման տարբերակների, Արարատյան արտեզյան ավազանի համար ստորերկրյա ջրերի-հոսքի մոդելի մշակման հաջորդ քայլերի վերաբերյալ: Վեբինարին մասնակցեցին ԳԱՏՕ ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները:

Վեբինարն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի կողմից համատեղ իրականացվող՝ Հայաստանի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում, որ նպատակաուղղված է Արարատյան դաշտի հիդրոերկրաբանական կառուցվածքի, ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների և վիճակի բնութագրմանը, ինչպես նաև ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով՝ տեղական մասնագետների տեխնիկական կարողությունների զարգացմանը:

2016թ.-ի փետրվար-մարտ ամիսներին ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի թիմն այցելել էր Հայաստան՝ շահագրգիռ կողմերին հանդիպելու, տեղում տվյալներ հավաքելու և տեղական մասնագետների համար հորատանցքերի գույքագրման և ջրի որակի նմուշառման ընթացակարգերի վերաբերյալ վերապատրաստում անցկացնելու նպատակով:

Վեբինարի ընթացքում ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի փորձագետները մանրամասնորեն ներկայացրեցին Արարատյան արտեզյան ավազանի հիդրոերկրաբանական կառուցվածքը, ինչպես նաև մեթոդաբանությունները, որոնք կիրառվել էին առաջավոր գործիքների օգնությամբ տարածքի բարդ հիդրոերկրաբանական կառուցվածքը մշակելու համար: ԳԱՏՕ ծրագրի թիմը ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնին տրամադրել էր մեծ քանակությամբ տվյալներ, այդ թվում՝ առկա երկրաբանական քարտեզները, հորատանցքերի լիթոլոգիական տվյալները, հորատանցքերի անձնագրային տվյալները, ստորերկրյա ջրի մակարդակի չափումների տվյալները և այլ տեղեկատվություն, որ հավաքվել և համախմբվել էր ԳԱՏՕ ծրագրի կողմից 2016թ.-ին հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնաբուծական տնտեսությունների գույքագրման արդյունքում: Ջանեթ Քարթերը՝ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի տարածաշրջանի Ջրային ռեսուրսների գիտական կենտրոնի փոխտնօրենը, ասաց. «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների և ստորերկրյա ջրօգտագործման մանրամասն նկարագրման համար բացառապես կարևոր էին գույքագրման տվյալները»: ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի Դակոտայի տարածաշրջանի Ջրային ռեսուրսների գիտական կենտրոնի հիդրոերկրաբան, ստորերկրյա ջրային ռեսուրսների մասնագետ Ջոշուա Վալդերը նշեց. «Հայաստանյան գործընկերների տրամադրած տվյալների շարքերի մեծ մասը հնարավոր եղավ օգտագործել մեր հետազոտության մեջ, ինչը բացառիկ է երևույթ է: Այլ երկրներում առկա տվյալների շարքերի 2-8%-ն է հնարավոր լինում օգտագործել»:

ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի աննկարագրելի ջանքերի արդյունքում պատրաստված Հիդրոերկրաբանական կառուցվածքի վերաբերյալ հաշվետվությունը կհրապարակվի առցանց և հասանելի կլինի հանրությանը: Հիդրոերկրաբանական կառուցվածքի բնութագրումը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի-հոսքի մոդելի մշակման առաջին քայլն է: Մոդելը որպես կարևոր գործիք կօգտագործվի ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների վերաբերյալ իրազեկ որոշումների կայացման համար:

 

ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Ձկնաբուծական տնտեսության ջրահեռացման համակարգի ձևափոխման և դրենաժային ջրանցքի պատի ուժեղացման համար

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպու­թյուններին գնառաջարկներ ներկայացնելու Արարատի մարզի Հայանիստ գյուղի հարևանությամբ գտնվող ձկնաբուծարանի ջրահեռացման համակարգի ձևափոխման և ձկնաբուծարանի հարևանությամբ գտնվող դրենաժային ջրանցքի պատի ամրացման համար:

Պահանջվող աշխատանքների մասնագրերը և ծավալները, ինչպես նաև առաջարկվող գործարքի պայմանները ներկայացված են կից փաստաթղթում՝ Hayanist_bank_RFP_arm

Ոռոգման նոր համակարգ Հայանիստ գյուղում

Մայիսի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/ԱՄՆ ՄԶԳ), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: ԱՄՆ ՄԶԳ-ի ջանքերն այս ուղղությամբ նպաստելու են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալի նվազեցմանն ու ռեսուրսի կայուն օգտագործմանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարներն արագորեն կրճատվում են: Տարածաշրջանի մոտ 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես  ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ երկրի գյուղատնտեսական ոլորտի և սննդի մատակարարման վրա:

Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Մասնավորապես՝ ոռոգման խնդրի լուծման նպատակով ձկնաբուծարանի ջրերի ելքի կետում կառուցվել է նոր պոմպակայան, տեղադրվել է նոր ոռոգման ցանց, իրականացվել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով: Բացի այդ, ծրագրի կողմից մի քանի անգամ ստուգվել է ձկնաբուծարանի ջրի որակը՝ ոռոգման նպատակներով օգտագործվող ջրի որակի անհրաժեշտ ստանդարտների ապահովման համար:

Ծրագրի շահառուներն են մոտ 120 տնային տնտեսություններ: Նոր համակարգը թույլ է տալիս ոռոգել շուրջ 20 տարի անմշակ մնացած 40 հեկտար համայնքային հողատարածք: Ծրագիրը նպաստել է համայնքի և տեղական բիզնեսի միջև համագործակցությանը, ինչպես նաև առաջիկա տարիներին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ավելի ռացիոնալ օգտագործմանը:

Համայնքի բնակիչների և գյուղապետի հետ միասին ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը, և պաշտոնատար այլ անձինք:

Դեսպան Միլսն իր ողջույնի խոսքում նշեց. «Հայանիստ համայնքի բնակիչները պետք է հպարտ լինեն, քանի որ ոռոգման այս մեթոդը՝ ձկնաբուծարանի ջրերի երկրորդային օգտագործմամբ, առաջին անգամ կիրառվել է իրենց համայնքում:  Ծրագիրը ոչ միայն ապահովում է ոռոգման համար անհրաժեշտ ջուրը, այլ նաև նպաստում է ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը: Ծրագրի շնորհիվ համայնքը ոռոգման համար լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք այլևս չի ունենա: Այն թույլ է տալիս նվազեցնել հողերի դեգրադացիան, ինչպես նաև նպաստում է էլեկտրաէներգիայի խնայողությանը: Ձեր քայլերը կօգնեն պահպանել Հայաստանի համար կենսական նշանակության ստորերկրյա ջրային ռեսուրսները և զարգացնել գյուղատնտեսությունը տարածաշրջանում: Ծրագրի արդյունքը նորարարական լուծումների մի օրինակ է հանդիսանում, որը մշակվել և ներդրվել է բոլորիս՝ որպես գործընկերների և բարեկամների, համատեղ աշխատանքի շնորհիվ»:

Հյուրերը այցելեցին ձկնաբուծարանում կառուցված նոր պոմպակայանը և շրջայց կատարեցին դաշտերով՝ տեսնելու նոր ոռոգման ցանցը:

ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինն իր խոսքում ասաց. «Ձկնաբուծարանի հետադարձ հոսքերի երկրորդային օգտագործմամբ պիլոտային ծրագիրը նպաստում է բնապահպանական կայունությանը: Այն ոչ միայն կանխում է Արարատյան դաշտում ջրահեռացման մեծ ծավալների պատճառով հողի աղակալումը և գերխոնավ տարածքների ձևավորումը, այլ նաև նպաստում է լքված հողատարածքների մշակմանը, որը եկամտի աղբյուր կդառնա համայնքի բնակիչների համար: Հուսով ենք, որ այս պիլոտային ծրագիրը ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման օրինակ կհանդիսանա և հաջողությամբ կիրականացվի նաև Արարատի մարզի այլ համայնքներում»:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն աջակցել է այս ծրագրի իրականացմանը ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2016 թվականի հուլիսին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Հուշագրի նպատակն է աջակցել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացին, մասնավորապես՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանը,   արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նշեց. «Համայնքին և նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը մեր կորպորատիվ մշակույթի կարևոր մասն է կազմում: Հպարտ ենք, որ մասնակից ենք այս կարևոր նախաձեռնությանը: Ծրագիրը մեզ համար հատկանշական է, որովհետև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության՝ կայունության ապահովման գործում ստանձնած հանձնառության հենասյուներից է: Ուրախ եմ տեսնել, որ բնակիչների մի մասն արդեն վերսկսել է հողատարածքների մշակումը, և համոզված եմ, որ այս համագործակցության շնորհիվ Հայանիստ համայնքում կշարունակվի կենսապայմանների բարելավումը»:

« of 2 »

ԳՆԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «ԳԱՏՕ» ծրագիրը հրավիրում է մասնագիտացված տեղական կազմակերպություններին գնառաջարկներ ներկայացնելու Արարատի մարզի Սիփանիկ գյուղի հարևանությամբ գտնվող չշահագործվող ինքնաբուխ խորքային հորի լուծարման աշխատանքների իրականացման համար: Պահանջվող աշխատանքների մասնագրերը և ծավալները, ինչպես նաև առաջարկվող գործարքի պայմանները ներկայացված են կից փաստաթղթում՝ Sipanik_well_RFP_arm

 

Ձկնաբուծարաններին ներկայացվեց առցանց վերահսկման նոր համակարգը

Փետրվարի 16-ին ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (ՋՌԿԳ) աշխատանքային հանդիպում ունեցավ ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստորերկրյա ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգը ներկայացնելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիա­ների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանու­թյան» (ԳԱՏՕ) ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության աջակցությամբ Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների 20 ջրառի կետերում պիլոտային եղանակով կտեղադրվի առցանց վերահսկման նոր համակարգը: Համակարգի ներդրման ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակայություններից բխող բնապահպանական միջոցառումների ցանկում:   

ՋՌԿԳ-ի պետը հստակորեն նշեց, որ պիլոտային ծրագրում ներգրավված ձկնաբուծական տնտեսությունները համակարգի տեղադրման և պահպանման հետ կապված որևէ ծախս չեն կրի մինչև ԳԱՏՕ ծրագրի ավարտը: Ջրառի կետերում ավտոմատ, առցանց վերահսկման համակարգի տեղադրումը ապագայում բոլոր ձկնաբուծական տնտեսությունների համար կլինի պարտադիր: Հանդիպման նպատակն էր խրախուսել ՀՀ կառավարության և բիզնեսի ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Ձկնաբուծարանների տերերը հնարավորություն ունեցան արտահայտելու օրենսդրական նոր միջոցառման հետ կապված իրենց մտահոգությունը, մասնավորապես ծախսերը, որ ապագայում կկրեն տնտեսվարող սուբյեկտները: Քննարկումների ընթացքում նաև բացահայտվեցին փաստեր անցյալում ջրօգտագործման թույլտվությունների տրման ընթացքում եղած խոշոր մասշտաբի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:

Տեղադրված ավտոմատ վերահսկման նոր համակարգը հնարավորություն կտա ստանալու առցանց տվյալներ կոնկրետ ջրառի կետից փաստացի ջրօգտագործման վերաբերյալ և անմիջապես բացահայտելու ջրառի թույլատրելի առավելագույն քանակի սահմանանցման դեպքերը: Մյուս կողմից, ՋՌԿԳ-ն կարող է վերանայել այն ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվությունները, որոնց փաստացի ջրառի քանակը, ըստ գրանցված տվյալների, ցածր կլինի ՋԹ-ով սահմանված առավելագույն ջրաքանակից: Ավտոմատ, առցանց վերահսկման համակարգի ներդրման նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և ուժեղացնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրօգտագործման նկատմամբ վերահսկումը:

2017 թվականին ձկնաբուծարաններում կներդրվի առցանց մոնիթորինգի համակարգ

Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային պաշարները հիմնականում կենտրոնացած են Արարատյան դաշտում: Վերջին տասնամյակում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալը հասել է աննախադեպ ցուցանիշի, որի պատճառով արտեզյան գոտին կրճատվել է ավելի քան 60%-ով: Ստորերկրյա ջրերի մակարդակը նվազել է միջինը 9 մետրով՝ բերելով սակավաջրության: Ջրառի խոշոր ծավալները հիմնականում պայմանավորված են տարածաշրջանում մեծ թվով ձկնաբուծարանների շահագործմամբ: Բարձրորակ ստորերկրյա ջրային ռեսուրսները տարիներ շարունակ օգտագործվել են ձկնաբուծության նպատակով՝ առանց պատշաճ կարգավորման և վերահսկման:

Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով, սկսած 2014 թվականից,
ՀՀ կառավարությունն ընդունել է մի շարք քաղաքականություններ և օրենսդրական միջոցառումներ, այդ թվում՝ ստորերկրյա ջրի օգտագործման վճարի դրույքաչափերի և ջրօգտագործման թույլտվությունների պայմանների վերանայում, ապօրինի կամ լքված հորատանցքերի փակում, վերահսկողության ուժեղացում: ՀՀ կառավարության 2017թ.-ի ծրագրով նախատեսված գերակայություններից է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման առցանց մոնիթորինգի ավտոմատացված 20 համակարգերի ներդրումը: Ընդհանուր առմամբ,
ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված են 140 գերակա խնդիրներ՝ երկրի տնտեսական և սոցիալական ոլորտներից:

2017թ.-ին առցանց մոնիթորինգի համակարգեր կտեղադրվեն ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիա­ների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանու­թյան» (ԳԱՏՕ) ծրագրի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության և ՀՀ Բնապահպանության նախարարության միջև 2016թ.-ի հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Մինչև 2020թ.-ին ԳԱՏՕ ծրագրի ավարտը ԱՄՆ ՄԶԳ-ն կավելացնի առցանց մոնիթորինգի համակարգերի թիվը (40)՝ ներառելով խոշոր ձկնաբուծարանները: Նոր համակարգը հնարավորություն կտա առցանց վերահսկելու ձկնաբուծարանների կողմից ստորերկրյա ջրերի օգտագործումը` այդպիսով կանխելով ջրառի թույլատրելի առավելագույն ծավալների գերազանցումը: Համակարգի միջոցով կբարելավվի ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարման ապահովման մեխանիզմը: Տվյալները կլինեն հրապարակային: