Հաջողված համագործակցություն ԳԱՏՕ և «Ֆերմերից ֆերմերին» ծրագրերի միջև

Ջեքսոնվիլ համալսարանի Ծովային գիտահետազոտական ինստիտուտի դոկտոր, գիտահետազոտողի օգնական, միջազգային փորձագետ Ջերարդ Պինտոն փետրվարի 20-ից մինչև մարտի 4-ը խորհրդատվություն տրամադրեց Ակվակուլտուրայի տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնին (ԱՏՓԿ)։ Վերջինս պիլոտային ծրագիր է, որն իրականացվել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից «Արմավիրի ֆերմեր» ձկնաբուծարանի հետ համատեղ։ Փորձագետի այցելությունը կազմակերպեց ԱՄՆ ՄԶԳ Ջոն Օգոնովսկու և Դուգլաս Բերեթորի անվան «Ֆերմերից Ֆերմերին» ծրագիրը, որով մեկնարկեց ԳԱՏՕ ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը։

ԱՏՓԿ-ի ծրագիրն իրականացվում է Արմավիրի մասնավոր ձկնաբուծարանի հետ համատեղ։ Կենտրոնը փորձարարական բազա է տարբեր ակվակուլտուրայի տեխնոլոգիաները, մեթոդները փոքր մասշտաբներով փորձարկելու, արդյունավետությունը ստուգելու և ցուցադրելու համար։ Հաջողման դեպքում այն կկիրառվի նաև այլ ձկնաբուծական տնտեսություններում։ ԱՏՓԿ-ում կփորձարկվեն հետևյալ մեթոդները՝ ջրի ռեցիրկուլյացիա, աերոլիֆտինգ, ջրի կենսաբանական մաքրում, բիոֆիլտրում, ակվապոնիկա և այլն։ Բացի թառափից ձկնաբուծարանը նաև նախատեսում է աճեցնել ավստրալիական խեցգետին, որը լայն տարածում է գտել տարբեր երկրների ջրային տնտեսություններում։  

Ջերարդ Պինտոն, որն ունի զգալի փորձ ավստրալիական խեցգետնի աճեցման բնագավառում, աշխատանքային քննարկումներ ունեցավ ձկնաբուծական տնտեսության և ԳԱՏՕ ծրագրի մասնագետների հետ՝ ներկայացնելով լավագույն փորձը և առաջարկելով մատչելի լուծումներ գոյություն ունեցող տեխնիկական հնարավորությունների զարգացման և տնտեսության կայունության ապահովման համար։ Կիրառելով ակվակուլտուրայի բնագավառի սեփական փորձը՝ փորձագետն ընդլայնեց խեցգետնի աճեցման ձեռնարկը, որն ի սկզբանե պատրաստվել էր ԳԱՏՕ ծրագրի համար «Դեպի Հայք»-ի (Birthright Armenia) կամավոր Թալին Բաղդասարյանի կողմից։ Ձեռնարկը կտրամադրվի ԱՏՓԿ-ին և այլ շահագրգիռ ձկնաբուծարաններին։ Հայաստանում կատարած իր առաջին կամավորական աշխատանքի ավարտին Ջերարդ Պինտոն նշեց, որ ԱՏՓԿ-ն գերազանց հնարավորություն է ստեղծում հետազոտական աշխատանքների կատարման և ակվակուլտուրայի բազմապիսի տեխնոլոգիաների փորձարկման համար։ 

ԱՄՆ ՄԶԳ տարբեր ծրագրերի միջև համագործակցությունը դրական է անդրադառնում ծրագրերի և նրանց շահառուների վրա։ ԳԱՏՕ ծրագիրը ձգտում է համագործակցել տարբեր կազմակերպությունների, դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ՝ լրացուցիչ միջոցներ ներգրավելու և մասնագիտական փորձ ստանալու նպատակով։