ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի օժանդակությամբ ՀՀ կառավարությունը բարելավում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը։ ԳԱՏՕ ծրագիրն իր վեցամյա գործունեության ընթացքում աջակցել է ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի քաղաքականության մշակման և տեխնիկական լուծումների կիրառման գործում՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառի ծավալների նվազեցման և ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրի եզրափակիչ համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությանը, միջազգային դոնոր կազմակերպություններին, գործընկերներին, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև դրա իրականացման արդյունքում քաղած դասերը։
Ջրային ռեսուրսների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր։ ԳԱՏՕ-ն տարածաշրջանում իրականացրել է 17 ծրագիր՝ ցուցադրելով ջրի և էներգիայի խնայողության տարբեր տեխնոլոգիական լուծումների կիրառությունը համայնքներում և ձկնաբուծարաններում։ Արարատի և Արմավիրի մարզերի 11 համայնք ներգրավված է եղել խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերում, որոնց իրականացման արդյունքում խնայվում է տարեկան ավելի քան 13 մլն․ մ3 ստորերկրյա ջուր և մոտ 1380 ՄՎտժ էլեկտրաէներգիա՝, ընդհանուր մոտ 125,000 ԱՄՆ դոլարին համարժեք:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր ողջույնի խոսքում նշեց․ «Հպարտ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ միասին աշխատում են երկրի ջրային ռեսուրսների կառավարման բարելավման նպատակով։ Այս նշանակալի, համատեղ ջանքերի շնորհիվ Արարատյան դաշտի համայնքներում բնակվող ավելի քան 32,000 մարդ, որ նախկինում առերեսվում էր ջրի սակավության լուրջ խնդրի հետ, այժմ օգտագործում է հուսալի, անվտանգ և մաքուր ջուր։ Սա անդրադառնում է նաև ամբողջ Հայաստանի վրա։ Հանդիսանալով Հայաստանի պարենային ապահովման կենտրոն՝ այդ համայնքներն այժմ հնարավորություն ունեն զարգացնելու գյուղատնտեսությունն ու այն ձեռնարկությունները, որոնք արտադրում և ապահովում են սնունդ և եկամուտ հազարավոր մարդկանց համար»։
Վեց տարվա ընթացքում ծրագիրը հասավ տպավորիչ արդյունքների, որոնք ներառում են Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի արդիականացումը, արտեզյան ավազանի եռաչափ մոդելի, Արարատյան դաշտի ատլասի պատրաստումը և ջրօգտագործման թոյլտվությունների տրամադրման վերաբերյալ որոշումների կայացմանն աջակցող հատուկ գործիքակազմի մշակումը։
ԳԱՏՕ ծրագիրը կառավարությանն է ներկայացրել տվյալներ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների վերաբերյալ և՝ ամենակարևորը, հաշվարկել է ջրատար հորիզոններից ջրառի թույլատրելի ծավալների արժեքները, որոնց կիրառումը չի խաթարի ռեսուրսի վերականգնման կարողությունը։ ԳԱՏՕ ծրագրի ներկայացրած տվյալների հիման վրա կառավարությունը կարող է կիրառել ջրային ոլորտի ողջամիտ քաղաքականություն ու օրենսդրական կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն ջրային ռեսուրսների երկարաժամկետ պահպանության նպատակների իրագործմանը և տարածաշրջանում ջրի պահանջարկի բավարարմանը:
ԳԱՏՕ ծրագիրն աջակցել է Շրջակա միջավայրի նախարարությանը ջրային ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ։ Նախարարության հետ համատեղ ԳԱՏՕ-ն մշակել է Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանությանն պահանջները, որոնք հաստատվել և կիրառության մեջ են դրվել 2019թ․։ 2021թ․ սեպտեմբերին կառավարությանը կներկայացվի Հայաստանում գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը։