Հունիսի 6-ին ԳԱՏՕ ծրագրի թիմը ՀՀ Բնապահպանության նախարարության մասնագետներին ներկայացրեց Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման աշխատանքները: Ստորերկրյա ջրավազանի մոդելի նպատակն է ստեղծել Արարատյան ստորերկրյա ջրավազանի վերաբերյալ որոշումների կայացմանն օժանդակող այնպիսի գործիք, որը կնպաստի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև մոնիթորինգի և վերահսկման գործառույթների բարելավմանը: Այն կարևոր է նաև ստորերկրյա ջրերի օգտագործման նկատմամբ երկարաժամկետ պահանջարկի պլանավորման և ռեսուրսի պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման առումներով:
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի մոդելավորման աշխատանքները ներառում են հետևյալ քայլերը՝
- Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կառուցում՝ Արարատյան դաշտի հորերի հիդրոերկրաբանական տվյալներով (շերտագրություն, ապարների երկրաբանական կառուցվածք, հասակ և այլն)
- Ստորերկրյա ջրավազան մուտք գործող խորքային հոսքի որոշում (սնում) ՝ տեղումներով ու ջրօգտագործումից ինֆիլտրացիոն ճանապարհով ստորերկրյա ջրավազան մուտք գործող ջրաքանակ,
- Ջրատար շերտերի ընդհանուր և ջրի ծավալների որոշում
- Ստորերկրյա ջրերի հոսքի թվային մոդելի ստացում, այդ թվում ստորերկրյա հոսքի ուղղությունների որոշում
Մոդելավորման հիմնական միջավայրն է ԵՏՀ (ArcGIS), իսկ անհրաժեշտ գործիքները՝ Arc Hydro Groundwater (AHGW), Groundwater Modeling System (GMS) և MODFLOW համակարգչային ծրագրերը:
Սկզբնական փուլում ԳԱՏՕ ծրագրի թիմը մշակել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի գաղափարական մոդելը, որը ներկայացնում է մոդելավորման նպատակը, հիմնական քայլերը, կիրառվող մոտեցումներն ու գործիքակազմը և ակնկալվող արդյունքները: Մոդելն ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության սահմաններում ընկնող Արարատյան դաշտի տարածքը՝ մինչև 900մ բարձրություններով:
Տարածաշրջանը տնտեսական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար՝ իր գյուղատնտեսական և տնտեսական ակտիվությամբ, բնակչության թվով և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի քանակով: Երկրում ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ծավալի շուրջ 50%-ը բաժին է ընկնում Արարատյան դաշտին:
Մոդելի մշակման աշխատանքներն իրականացնելու համար ԳԱՏՕ ծրագրին անհրաժեշտ կլինի Բնապահպանության նախարարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի աջակցությունը: Հանդիպման ժամանակ և ԳԱՏՕ ծրագրի և կենտրոնի մասնագետները կարևորեցին թիմային աշխատանքը այս խնդրահարույց առաջադրանքի իրականացման գործում՝ հաշվի առնելով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մեծությունն ու երկրաբանական բարդությունը: