ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մեկնարկել է ԳԱՏՕ ծրագրի և Սարդարապատի համայնքապետարանի Սարդարապատ գյուղի ջրամատակարարման բարելավման համատեղ ծրագիրը։  Սարդարապատը Արմավիրի մարզի մեծությամբ երկրորդ գյուղն է։ Գյուղում բնակվում է 5732 մարդ։  

Ներկայումս գյուղի ջրամատակարարումն իրականացվում է օրական 4-5 ժամվա գրաֆիկով։ Ջրի որակը չի համապատասխանում սանիտարական նորմերին։ Բարձր են ջրի կորուստները՝ մոտ 80%, ցանցի մաշվածության և շահագործվող պոմպերի անարդյունավետության պատճառով։  Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա ջրամատակարարում՝ սանիտարական նորմերին համապատասխան։ Ջրի տարեկան խնայողությունները համակարգի բարելավման և կորուստների կրճատման արդյունքում կկազմեն մոտ 1.5 մլն․ մ3։

Այս ծրագրի իրականացման համար ԳԱՏՕ-ն հավանաբար կհամագործակցի նաև «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության հետ։ Վերջինս այս ծրագրին մասնակցելու նպատակով դիմել է Կոկա-Կոլա հիմնադրամի դրամաշնորհային  ֆինանսավորմանը, որը, ստանալու դեպքում, կօգտագործվի պոմպակայանի շինարարության մի հատվածի, վերամշակված պլաստիկից պատրաստված ջրաչափական արկղերի մի մասի ձեռքբերման, ինչպես նաև պլաստիկ թափոնների կառավարման վերաբերյալ հանրային իրազեկման և ուսուցման համար։