Փետրվարի 5-ին ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի կենտրոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի փորձագետները ներկայացրեցին ՀՀ գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի և կիրարկման մեխանիզմների մշակման միջանկյալ արդյունքները, հետագա քայլերն ու վերջնանպատակը։ Մեթոդի մշակման աշխատանքներն իրականացվում են ԳԱՏՕ ծրագրի կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկով՝ Արարատյան ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ծրագրի շրջանակներում։
Մեթոդի մշակման նպատակով ԳԱՏՕ ծրագրի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներառվեցին ոլորտի նեղ մասնագետներ՝ հիդրոմորֆոլոգ, ջրի որակի մասնագետ և հիդրոկենսաբան, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի կողմից մշակվել են գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական բաղադրիչները, ինչպես նաև հաշվի է առնվել ոլոտում առկա միջազգային փորձը։ Նմուշառումներն իրականացվել են Քասախ գետից, որի ընտրությունը պայմանավորված է եղել այնպիսի առանձնահատկություններով, ինչպիսիք էն՝ գետային ցանցի մորֆոլոգիան, հիդրոլոգիական սնման ռեժիմը, գետերի ջրի որակի վրա ազդող մարդածին և բնական ճնշումների առկայությունը, մոնիթորինգային բազմամյա տվյալների առկայությունը և այլն։
Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը, օգտագործողի ձեռնարկը և մեթոդի կիրարկումն ապահովող կառավարության որոշման նախագիծը կներկայացվի կառավարությանը ս․թ․ հուլիսին։ Անհրաժեշտության դեպքում ԳԱՏՕ ծրագիրը կիրականացնի մասնագետների ուսուցում։