Ջրային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման դասընթաց

Հունվարի 14-25-ը ԳԱՏՕ ծրագիրն անցկացրեց երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց Հայաստանի գետերի էլոլոգիական հոսքի հաշվարկման նոր մեթոդի վերաբերյալ։ Վերջինս մշակվել էր 2015թ․-ին ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակում և ընդունվել ՀՀ կառավարության կողմից 2018թ․-ի հունվարին։

Զգալով լրացուցիչ վերապատրաստման անհրաժեշտությունը՝
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը խնդրեց ԱՄՆ ՄԶԳ-ին, որ ԳԱՏՕ ծրագրի փորձագետները, որոնք մշակել էին մեթոդը, խորացված վերապատրաստում անցկացնեն նախարարության մասնագետների համար, որոնք օգտագործում են էկոլոգիական հոսքի արժեքների հաշվարկը ջրօգտագործման թույլտվությունների տրման և վերահսկման ընթացքում։ 

Դասընթացը, որ բաղկացած էր տեսական և գործնական մասերից, օգտակար ուսումնական վարժանք էր մասնակիցների համար, որոնց շարքում կային
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբեր բաժինների մասնագետներ։ Դասընթացն սկսեց տվյալների կառավարման, Աշխարհագրատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) և հիդրոլոգիայի հիմնադրույթներից, և աստիճանաբար անցում կատարվեց Հայաստանի Հանրապետության ուսումնասիրված և չուսումնասիրված գետերի էկոլոգիական հոսքի ամսական և տարեկան արժեքների հաշվարկման մեթոդին՝ ըստ Արփա գետի օրինակի։ Մասնակիցներին տրամադրվեցին էկոլոգիական հոսքի հաշվարկման համար անհրաժեշտ նյութերը՝ օգտագործողի ձեռնարկ, MS Excel ֆայլի ձևանմուշ, ինչպես նաև աշխարհագրատեղեկատվական բազա (ԱՏՀ ֆայլեր)։

Ձախից աջ՝ Գյուղատնտեսության նախարարության մասնագետ Քրիստինե Խանոյանը և ԳԱՏՕ ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանը

Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԳԱՏՕ ծրագրին նման խորացված և ինտերակտիվ դասընթացի կազմակերպման համար, որն իրենց տվեց նոր աշխատանքային գործիքներ ու հմտություններ։ Վկայականները շնորհելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Քրիստինե Խանոյանն ասաց․ «Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վերապատրաստողներին, որոնք վարպետորեն մատուցեցին նյութը և համբերատար պատասխանեցին մեր բոլոր հարցերին։ Ոգևորված եմ ստացածս նոր գիտելիքներով և կիրառելու եմ այն իմ աշխատանքում»։