ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահն այցելեց Սայաթ-Նովա համայնք

Ձախից աջ՝ Սայաթ-նովայի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը, ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահ Բրոք Բիրմանը և ծրագրի շահառու՝ ֆերմեր Արմեն Ղարիբյանը վերջինիս պատկանող հողատարածքում։

Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ՄԶԳ-ի փոխնախագահ Բրոք Բիրմանը շրջայց կատարեց Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում, որտեղ նրան ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ-ի և գործընկերների կողմից 2018 թ․ սեպտեմբերին իրականացված ոռոգման ծրագրի արդյունքները։ Համայնքի ոռոգումն իրականացվում է համայնքի հարևանությամբ գտնվող Մասիս Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերի երկորդային օգտագործմամբ։

Պարոն Բիրմանը համայնքի ղեկավարի և ֆերմերների հետ քննարկեց նոր ոռոգման համակարգի առավելությունները և դրական հեռանկարները համայնքի բնակիչների սոցիալական վիճակի բարելավման առումով։ Ներկայումս 98 տնային տնտեսություն կօգտվի շուրջ 15 տարի անմշակ մնացած իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից: Որոշ ֆերմերներ արդեն տնկել են ձմեռային ցորենը, իսկ ապագայում պլանավորում են աճեցնել բարձրարժեք մշակաբույսեր, որոնք ավելի եկամտաբեր են։